среда, 14 декабря 2016 г.

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյան

Հայ մեծն մտավոևականը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ինԼոռվաԴսեղ գյուղումհոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

 

 

Արև և Լուսին(բալլադ)

(Ժողովրդական ավանդություն)
Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:
Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
Խմոր է հունցում, և բազուկները
Վերև են քաշած մինչ արմունկները.
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այերը թեթև տատանում,
Կամաց հեռանում է, անհետանում:
Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ
Ամպերը կտրած միմյանց քամակ,
Ապա թե խոսեց մայրը լուսածին.
-Գնացե՛ք, որդիք, Արեգակ, Լուսին,
Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
Կըգամ քեզ, մայրիկ, մին-մին կըպատմեմ:
-Վա~հ, չէ~, ես պիտի գնամ ցերեկը,
Խոսեց վրդովված սիրուն Արեգը.
Միթե աղջիկը կըշրջի՞ գիշերը,
Որոշիր, խնդրեմ, մայրիկ, մեր դերը:
-Լսի՛ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն,
Հորդորեց մայրը յուր համառ որդուն,
Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա:
Սակայն Լուսինը պպին էր կանգնել,
Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին
Բարկացած դարձավ համառ Լուսնյակին.-
-Բավական, Լուսին, պատանի դու վես,
Գնա՛ քո գործին, հեռացիր աչքես:
Ասաց, Լուսնյակի երեսին սիպտակ
Խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ:
Խռովեց Լուսինն ու լացատնքած
Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց.
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
Խմորոտ է նրա քիթն ու երեսը:
Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ
Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել.
Եվ ահա մայրըն Արևին տվեց
Մի բուռը ասեղ, այսպես պատվիրեց.
-Հողեղեն աչքեր թե որ նայեն քեզ,
Այս ասեղներով նրանց կըծակես:
Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու, շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:
Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրենց դերերը,
Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած
Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լուսից զրկվում են:

Ընկերիս

Իմ վեհ տենչերի, չըքնաղ վըշտերի,
Վառ երազների մըտերիմ ընկեր,
Դու էլ ինձ նըման պանդուխտ ու գերի,
Անզուսպ կարոտով ձըգտում ես միշտ վեր:

Այնտե՛ղ, մեր հոգու սուրբ հայրենիքում,
Խաղաղ օրերի պայծառ լույսի տակ
Ապրում է սերը, ժըպիտը ծաղկում,
Ուրախ երգերը թընդում ներդաշնակ…

Բայց, ա՛խ, նա այնքան, այնքա՛ն է հեռու…
Ու՝ մինչև այնտեղ կըհասնենք մենք դեռ,
Այնքա՛ն ենք լալու, այնքա՛ն տանջվելու,
Իմ տանջանքների մըտերի՜մ ընկեր:
Օգոստոսի 10, 1902

Կորած ցնորքներ

Հեծում է մրրիկն իմ դալար հովտում,
Թոշնել են, թոռմել ծաղկունքն իմ սիրած,
Ձըմեռ է այնտեղ, ձմեռ՝ իմ սըրտում,
Ու լալիս եմ ես ծաղկունքըս կորած: 

Ես ձեզ եմ լալիս, հոգուս ծաղիկներ,
Է՛յ իմ վաղուցվան սիրուն ցընորքներ,
Եկե՛ք, ետ եկեք, մի անգամ կըրկին
Կյանքով, բուրմունքով լըցրեք իմ հոգին: 

Բերե՜ք առաջվան աշխարքն ինձ համար —
Արևի շողեր, գարունքվա դալար,
Ջըրերի կարկաչ, հավքերի երամ, —
Իմ հույսերն անհուն, իմ սերն անթառամ
Եվ իմ սիրուհին, որ միայն դուք գիտեք,
Եկե՛ք, ե՜տ եկեք: 

Շընչում է մըրրիկն իմ անուշ հովտում.
Թոշնել են վաղուց ծաղկունքն իմ սիրած.
Ձըմեռ է այնտեղ, ձըմեռ՝ իմ սըրտում,
Ծաղիկ ու ցընորք — բոլորը կորած…

 

 

Комментариев нет:

Отправить комментарий