вторник, 8 марта 2016 г.

Ալբեր Կամյու և Էքզիստենցիալիզմ




Էքզիստենցիալիզմի կենտրոնական հարցերն են՝ մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը։ Էքզիստենցիալիզմի համար առաջնայինը մարդն է, նրա ներաշխարհը, զգացմունքները, որոշումները։ Մարդու գոյությունը նախորդում է էությանը, «մարդկային իրականությունը» (Հայդեգեր) առաջնային է։ Էքզիստենցիալ խնդիրները յուրաքանչյուր մարդու գոյության փաստից բխող խնդիրներ են, մարդու կողմից իր գոյության ձևի զգացումն է։ Գոյությունը կամ էքզիստենցիան անհնար է փոխանցել հասկացությունների միջոցով, այն օբյեկտ չէ, քանի որ մարդը չի կարող օբյեկտիվորեն դիտարկել իրեն կողքից։ Գոյությունը չի ենթարկվում ռացիոնալ ճանաչմանը, այն ճանաչելու միակ միջոցը այդ վիճակը վերապրելն է։ Ըստ Յասպերսի, մարդու գոյությունը իմաստավորվում է «սահմանային իրավիճակներում», որոնք են՝ տառապանքը, պայքարը, աշխարհի անողոքությանը և թշնամանքին դիմակայելու ուղիներ գտնելը և այլն։
Էքզիստենցիալիստի համար մարդը զուրկ է էությունից նախքան գիտակից գոյությունը։ Մարդը սկզբում գոյություն ունի, և միայն հետո կողմնորոշվում է՝ մտնում է իրական էությունների և իմաստների ոլորտ։ Մարդն այն է, ինչ ինքն իրեն դարձնում է։ Մարդը ոչ այլ ոք է, քան ինքն իրեն նախագծողը, գոյություն ունի այնքանով, որքանով ինքն իրեն կերտում է և իրականացնում է։ Վախկոտը պատասխանատու է իր վախկոտություն, ստախոսը իր ստի համար և այլն։ Միայն մարդն է պատասխանատու իր արարքների համար, ո՛չ հասարակությունը:
Ալբերտ Քամյուն էքզիստենցիալիզմի փայլուն ներկայացուցիչներից էր։ Քամյուի ստեղծագործություններից հատկապես հռչակ են բերել «Օտարը» և «Ժանտախտ» վեպերը, որոնք շարադրված են էքզիստեցիալիզմի սահմանած օրենքներով։ «Օտարը» վեպը գրվել է Քամյուի ստեղծագործական վաղ տարիքում ՝1937-1945 թթ ընթացքում։ Այս շրջանում ապսուրդ էր համարվում ֆրասիական բուրժուական հասարակությունը։ Նա կարծում էր, որ ամեն ինչ պետք է սկսել նորից։

Ալբեր Կամյուն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 7-ին ֆրանսալժիրյան ընտանիքում, Ալժիրում, Մոնդովիի «Սան-Պոլ» ագարակում։  Ապրում էին աղքատության մեջ՝ կամային տատի հսկողության ներքո։
1918-1923 թվականներին հաճախում է համայնքային դպրոց։
1923-1930 թվականներին ուսանում է Ալժիրի լիցեյում։
1930 թվականին ընդունվում է Գրականության բարձրագույն դպրոց։ Մեծ բարեկամությամբ կապվում է դասախոս, փիլիսոփա և էսսեիստ Ժան Գրենիեի հետ, որին հետագայում նա կձոնի «Երես և աստառ» և «Ըմբոստ մարդը» էսսեները։
1932 թվականին ի հայտ են գալիս թոքախտի առաջին նշանները։ 1933 թվականին ուսանում է Ալժիրի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում։ Այս ժամանակ էլ՝ առաջին ամուսնությունը՝ Սիմոն Հիի հետ, որից բաժանվելու է երկու տարի անց։
1934 թվականին բարեկամներից մեկին հասցեագրված նամակում Կամյուն ակնհայտ դառնությամբ նկատում էր. «Բանաձևերով և հուսահատ որոնումներով մենք ձգտում ենք ինքներս մեզնից թաքցնել չափազանց պարզ ու մերկ ճշմարտություն՝ մեր բախտաբաժինը հուսահատություն է բերում»
Գրողի վաղ շրջանի ստեղծագործության մեջ ակնհայտ են էքզիստենցիալիզմի երանգները։ Թեև գոյության փիլիսոփայության առանցքային շատ հարցադրումներ դեռևս չէին «ճշտվել» անձնական կենսափորձով, այնուամենայնիվ, արդեն իսկ այս շրջանում Կամյուն հակվում է դեպի կեցության արմատական հարցերի պատասխանների որոնումները՝ փորձելով հաղթահարել անկումային տրամադրությունները։

1935 թվականի աշնանը իր ուսուցչի՝ Գրենիեի խորհրդով Կամյուն անցնում է Ֆրանսիայի կոմկուսի ալժիրյան սեկցիայի շարքերը և պրոպագանդիստական գործունեությաուն ծավալում մուսուլմանների շրջանում։ Սակայն ընդամենը երկու տարի անց, երբ տարաձայնություններ են առաջանում հյուսիս-աֆրիկյան նացիոնալիստական շարժման զեկավարների և ՍԿԿ-ի միջև, նա դուրս է գալիս կուսակցությունից։
Կամյուին սկզբից ևեթ զբաղեցնում են մարդկային գոյության խնդիրները։ Իրականությունը, ինչպես նաև անհատական կենսափորձն ու աշխարհընկալումը անընդհատ նոր հարցեր են առաջադրում, որոնց պատասխանների որոնումներում նա հակվում է դեպի Անդրե Ժիդի, Մոնտեռլանի և Մալրոյի մարդաբանական կոնցեպցիաների որոշ հիմնադրույթների պաշտպանությունը։ Հակասություններից ու ծայարահեղություններից բնավ չապահովագրված այդ որոնումներում առանձնապես թանձրանում են «ազատ անհատի» շուրջ խորհրդածությունները։
Նախաէկզիստենցիալիստ Մալրոյի ազդեցությամբ 1938 թվականին իր նոթատետրում Կամյուն նշում է. «Հեղափոխական ոգին ամբողջովին ամփոփված է իր բախտաբաժնի դեմ մարդու բողոքի մեջ: Տարբեր ձևեր ընդունելով՝ այն մնում է միակ հավերժական թեման արվեստում և կրոնում: Յուրաքանչյուր հեղափոխություն միշտ աղղված է աստվածների դեմ՝ սկսած Պրոմեթևսի հեղափոխությունից: Դա մարդու բողոքն է իր ճակատագրի դեմ, իսկ տիրակալները և բուրժուական մարիոնետները լոկ պատրված են: Այդ ոգին կարելի է, իհարկե, զգալ և պատմական վարքագրություններում»:
1938 թվականին Ալբեր Կամյուն ավարտում է իր առաջին լայնակտավ ստեղծագործությւոնը՝ «Երջանիկ մահը» վեպը, հրաժարվելով, սակայն, այն տպագրության հանձնելուց։ Գրողի մահից տարիներ անց՝ 1971-ին վեպը հրատարակիչներին տրամադրեց Կամյուի այրին։

1960 թվականի հունվարի 4-ին ավտոմեքենան, որով Ալբեր Կամյուն իր մտերիմ ընկեր Միշել Գալիմարի  և նրա ընտանիքի հետ միասին Փարիզ վերադառնալիս, վթարի է ենթարկվում։ Կամյուն տեղում մահանում է։ Գալիմարը, որը վարում էր մեքենան, երկու օր անց մահանում է հիվանդանոցում։ Նրա կինն ու աղջիկը փրկվում են։ Ա. Կամյուի անձնական իրերի հետ գտնվեց նրա դեռ անավարտ «Առաջին մարդը» ինքնակենսագրական վեպի ձեռագրերը։ Ա. Կամյուն հուղարկավորվում է Լուրմարենի գերեզմանոցում, Լյուբերոնի շրջանում, Փարիզի հարավում։
2011 թվականին իտալական «Corriere della Sera» թերթը հրապարակայնացնում է Կամյուի մահվան վարկածը, համաձայն որի ավտովթարը կազմակերպվել է խորհրդային հատուկ ծառայությունների կողմից՝ գրողից վրեժ լուծելով նրա Հունգարիա խորհրդային ներխուժման դատապարտման և Բորիս Պաստեռնակին աջակցության համար, Ա. Կամյուի սպանության կազմակերպիչների թվում թերթը նշում է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Շապիլովի անունը։Միշել Օնֆրեն՝ պատրաստվելով հրատարակել Կամյուի կենսագրությունը, ժխտում է «Իզվեստիա» թերթի վարկածը, համարելով այն զրպարտություն.
2009 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկեց գրողի աճյունամոխիրը տեղափոխել Փարիզի Պանթեոն, բայց Ալբեր Կամյուի հարազատներից համաձայնություն չստացավ:
«Սիզիփոսի առասպելում» շատ որոշակիորեն ամփոփվում է մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը:

Комментариев нет:

Отправить комментарий