воскресенье, 21 декабря 2014 г.

Էյֆելյան աշտարակ

Էյֆելյան աշտարակ (ֆր.՝ La Tour Eiffel), երկաթյա վանդակավոր աշտարակ՝ տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։ Այն վեր է խոյացել 1889 թվականին, մինչդեռ հենց նույն թվականին էլ դրվել է նրա հիմքը Համաշխարհային տոնավաճառի ժամանակ։ Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների և մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է և Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը, և աշխարհի ամենաշատ ճանաչված կառույցներից մեկը։[1] Այն հանդիսանում է Փարիզի ամենաբարձր կառույցը, ինչպես նաև ամենաշատ այցելված հուշակոթողն ամբողջ աշխարհում։ Միայն 2011 թվականին աշտարակն է բարձրացել 6.98 միլիոն մարդ։ 2010 թվականին աշտարակն ընդունեց իր 250 միլիոներորդ այցելուին։[2]
Էյֆելյան աշտարակի դիզայնի գաղափարն առաջացել է Մյորիս Կյորիզենի և Էմիլի Նուգիենի մոտ, որոնք երկուսն էլ ավագ ճարտարապետներ էին Գուստավ Էյֆելի ձեռնարկությունում։ Նրանք այդ մտքին էին հանգել այն բանից հետո, երբ սկսել էին քննարկել քաղաքի կենտրոնում դրվելիք մի հուշարձանի մասին, որն առաջադրված կլիներ 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում, և որը կխորհրդանշեր Ֆրանսիական Հեղափոխության 100-ամյակը։ 1884 թվականի մայիսին Կյորիզենն, աշխատելով տանը, կազմեց աշտարակի ուրվագիրը, որը նկարագրեց որպես «մի մեծ պիլոն՝ կազմված չորս վանդակավոր երկաթյա ձողերից հիմքում միմյանցից որոշակի հեռավորության վրա տեղակայված, որոնք կմիավորվեն գագաթում, և որոնք միմյանց հետ կապված կլինեն մետաղյա կապերով ու միացումներով ամեն որոշակի բարձրությունը մեկ»[3]։ Սկզբում Էյֆելը ցուցաբերեց փոքր հետաքրքրություն, սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, նրան չէր հետաքրքրել ծրագիրը, քանզի հետագայում անտարբեր էր դրա նկատմամբ։ Երկու ճարտարապետները դիմեցին Ստեֆեն Սովեստրի օգնությանը, ով ձեռնարկության ճարտարապետական բաժնի պետն էր։ Նա հիմքին ավելացրեց դեկորատիվ մասեր, ապակյա պավիլիոն առաջին մակարդակում և այլ զարդարանքներ։ Նոր տարբերակը մեծացրեց Էյֆելի հետաքրքրությունը։ Բանը հասավ նրան, որ Էյֆելը գնեց Մյորիս Կյորիզենի, Էմիլի Նուգիենի և Ստեֆեն Սովեստրի հեղինակած դիզայնի պատենտի իրավունքները։ Էյֆելի կազմակերպության անվան տակ այն հանդես եկավ 1884 թվականի աշնանը կայացած Դեկորատիվ Արվեստների ցուցահանդեսում։ 1885 թվականի մարտի 30-ին Գուստավ Էյֆելը պաշտոնապես ներկայացրեց աշտարակի ծրագիրը Ճարտարապետների Հասարակական կազմակերպությանը (Société des Ingiénieurs Civils)։ Աշտարակի տեխնիկական խնդիրները քննարկելուց և դրա պրակտիկ օգտագործման ձևերը շեշտելուց հետո Գուստավ Էյֆելն ավարտեց իր խոսքը՝ նշելով, որ աշտարակը կխորհրդանշի[4] ոչ միայն արդի ճարտարապետական արվեստը, այլև արդյունաբերական և գիտական հարյուրամյակը, որում մենք ապրում ենք. աշտարակը կխորհրդանշի տասնութերորդ դարի գիտական ձեռքբերումները և 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը՝ ի նշան ֆրանսիացիների երախտագիտության։

Комментариев нет:

Отправить комментарий